Եղիշե Չարենց «Դու իմ գարնան առավոտ» Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա. Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա: Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ, Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա: Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած, Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա: Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա: Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…